Մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու սահմանադրական իրավունքը

ՀՀ Սահմանադրություն
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը

Հոդված 8.
Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Հոդված 19
Հավաքն արգելելը

1. Հավաքն արգելվում է, եթե`

1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.

3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.

4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր դեպքում համապատասխան մարմինների կամ օբյեկտների պահպանությունն իրականացնող ծառայությունները կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց կարծիքը սպառնացող վտանգի վերաբերյալ:

3. Լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հիմքերը։

4. Եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը։

5. Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:

Leave a comment