Ակսել Բակունց «Միրհավ»

Ակսել Բակունցի <<Միրհավ>> ստեղծագործությունը հարուստ է գեղարվեստական նկարագրություններով, համեմատություններով, սակայն դա ամենը չէ: Սյուժեն հիմնված է հերոսի՝ Դիլան դայիի հիշողությունների վրա: Հիշում էր Սոնային՝ իր երիտասարդ տարիների ընկերուհուն, հիշում էր ափսոսանքով, քանի որ կորցրել էր նրան:

Նրանք ընկերներ էին դեռ մանկուց, և նրանց սերն աննկատ էր ծնվել: Սոնային ամուսնացրել էին մեկ ուրիշի հետ, ինչպես հիշում էր Դիլան դային՝ Սոնան էլ այդքան ուրախ չէր իր կյանքից: Հարսանիքից չորս ամիս անց պատահմամբ հանդիպել էին, Սոնան թախիծով էր լցված ու չէր էլ խոսել Դիլան դայիի հետ, հավանաբար գիտակցում էր, որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ: Երևում է, որ նա փորձում էր շարժվել այնպես, ինչպես հարկն է, ավելի ճիշտ ինչպես որոշված էր: Կարծում եմ, որ այդ իրավիճակում Դիլանը միայն խնդիրներ կարող էր ստեղծել Սոնայի կյանքում:

Իր մանկության սիրուն վերջնականապես կորցնելուց հետո Դիլանն անտառ էր գնացել, ուզում էր միրհավ որսալ և մեծ ուշադրությամբ հետևում էր նրանց: Մտածում եմ, որ սա պատահական չէր: Ֆրիդրիխ Նիցշեն իր <<Անժամանակյա դիտարկումներ>>-ի <<Կյանքի համար օգուտի և վնասի մասին>> հոդվածը սկսում է հետևյալ տողերով, որ մարդը նախանձով է նայում կենդանու երջանկությանը, քանի որ նա ոչ երեկ գիտի, ոչ այսօր, շարունակ խժռում է և հանգստանում:

Կենդանին իսկույն մոռանում է, իսկ մարդը չգիտի մոռանալ, ինչի պատճառով նա փքվում է իր մարդկայնությամբ և միաժամանակ նախանձով լցվում կենդանու հանդեպ: Կենդանին ամեն պահի երևում է այնպես, ինչպես կա, այսինքն չի կարող կեղծ լինել, մինչդեռ մարդը դեմ է առնում անցյալի ծանրությանը: Նիցշեն դա նկարագրում է, որպես մի անտեսանելի բեռ, որը շարունակ ավելի է մարդուն ներքև քաշում կամ մի կողմ թեքում: Այդպես էլ Դիլանին իր անցյալի հիշողություններն են դեպի ներքև քաշում: Արդեն Սոնային կորցրել էր ու նրանից միայն հիշողություններ էին մնալու:

Վերջում նկատեցի նաև, որ Սոնային միրհավի հետ ասոցացնելու ևս մեկ պատճառ կա, բացի նրանից, որ ինչպես Միրհավը թռավ և իր հետևից թողեց երկու փետուր, այդպես էլ Սոնան հեռացավ ՝ թողնելով տխրություն և թախիծ: Երբ Դիլանն անտառում էր, նա երկար հետևում էր միրհավին, որպեսզի որսա նրան, սակայն միրհավին տարան իրենից ՝ նրան ցավ պատճառելով:
Այդպես և Սոնային էին իրենից հեռացրել, դա էլ էր իրեն ցավ պատճառել, ու այդ ցավն իրեն չէր լքել հաջորդ առավոտյան:
Հնարավոր է, որ իրականում հեղինակը դա նկատի չուներ, քանի որ կոպիտ համեմատություն է, սա ընդամենը իմ ենթադրությունն է:

Leave a comment