Հոգեբանական խառնվածք․ խառնվածքի տեսակները

Մարդիկ  բավականին  վաղ  են  սկսում  ծանոթանալ «խառնվածք» հասկացության հետ:Դեռևս մանկության տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնվածքը:

Խառնվածքը մարդու անհատական առանձնահատկություններն են, որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու վարքի դինամիկան:Դինամիկայի տակ հասկացվում է տեմպը, ռիթմը, տևողությունը, հոգեկան պրոցեսների ինտենսիվությունը, մասնավորապես` հուզական պրոցեսների, ինչպես նաև մարդու վարքի որոշ արտաքին առանձնահատկություններ` շարժունակություն, ակտիվություն, արագ կամ դանդաղ ռեակցիաներ:Խառնվածքը պայմանավորված է նյարդային համակարգով և մեծ մասամբ ունի գենետիկական բնույթ:

Խառնվածքի ամենահին դասակարգումը կատարվել է դեռևս մ.թ.ա II դարում հռոմեացի բժիշկ Կ. Հալենի կողմից: Տիպաբանության մեջ առանձնացնում են խառնվածքի չորս հիմնական տեսակներ` խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ: Որպես կանոն, ընդունված է խոսել խառնվածքի այս կամ այն գծերի գերակշռության և դրանց փոխկապվածության մասին: Խառնվածքները «մաքուր»  ձևով չեն հանդիպում, սակայն տրվում են դրանց մաքուր բնորոշումները.

Սանգվինիկ: Բարձր ռեակտիվություն ունեցող մարդ, որի մոտ ակտիվությունն ու ռեակտիվությունը հավասարակշռված են: Նա կենսուրախ է, արագ արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը, ունի արտահայտիչ շարժումներ ու դեմքի արտահայտություններ: Աննշան առիթով նա բարձրաձայն  ծիծաղում է, իսկ որևէ աննշան բան կարող է նրան շատ բարկացնել: Սանգվինիկի դեմքից կարելի է հեշտությամբ կռահել նրա տրամադրությունը,  վերաբերմունքը տվյալ երևույթի կամ մարդու նկատմամբ:Ունենալով բարձր ակտիվություն, եռանդություն և աշխատունակություն` նա ակտիվորեն գործի է անցնում և կարող է երկար ժամանակ զբաղվել այդ գործով` չձանձրանալով դրանից: Ունակ է արագ կենտրոնանալու, կարգապահ է, անհրաժեշտության դեպքում կարող է զսպել իր զգացմունքները: Նրան հատուկ են արագ շարժումները, մտքի, խոսքի արագությունը, նոր աշխատանքի մեջ արագ ներգրավվելը:Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը:

Խոլերիկ: Սանգվինիկի պես խոլերիկը  նույնպես առանձնանում է սակավ  զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ: Տարբերվում է  արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով: Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում:Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:

Ֆլեգմատիկ: Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը: Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ: Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են:Նա մեծ անախորժությունների դեպքում էլ  կարող է հանգստություն պահպանել: Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն:Նա, որպես կանոն, գործը  միշտ հասցնում  է մինչև վերջ: Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն: Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է: Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և  դժվարությամբ փոխում  իր սովորույթները: Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն: Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:

Մելանխոլիկ:Մարդ, ով ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն: Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ:Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային:Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ`  ոչ արտահայտիչ: Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում:Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար:

Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք: Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք  է գործադրել ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ ձևով օգտագործելու համար: 

Աղբյուր

Leave a comment