Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս»

Պատումն ընթանում է ժամանակի խաղի մեջ, մարդու-անձի-հոգու երկփեղկումն է՝ էստեղ-հիմայի ու ինչ որ մի անցյալ ժամանակում եղածի մեջ; էստեղն ու հիման էլ էնքան նախապայմաններով զգացած է գալիս կոկվում մտքում, էնքան հազար մանրուքների վրա բևեռված հայացքն է այդ ներկան, որ չունի կոնկրետ մտածված անելիք դեպի այդ իրը, այդ պահի ընթացքը․ հակառակ՝ զգուշավոր բավարարում է էդ պահի առօրեական կենցաղային պահանջը, որ հանկարծ թե մի անփույթ կենտրոնացում իրենից չխլի անցյալի ունեցած ասելիքը, դրա կարևորությունը, որ էկել-հավաքվել է․․․պետք է թողնել, որ իր ամբողջ խորությամբ լցվի էդ ասելիքը իր այսօրվա հիշողության ու այսօրվա խանութ գնալ-գալու ճանապարհի մեջ, այսօրվա կողքանց բռնված խառը բույրի մեջ, որը ճիշտ նույն զորությամբ նույնանում է անցյալում ունեցած իր օրվա գույնի հետ, երբ այդ պահին չկար էլ հստակ դրա ընկալումը, չկար այդ ասֆալտահոտ ու խակ ձմերուկի թարմահոտի խառնուրդի ըմբռնումը․ օրը պարզ իր շղթայով գլորվող մի սահք էր, որ էսօր նոր էկել կանգնել է իր առջև ամբողջ մանրամասն տեսարանով ու եղելությամբ։

Ու կյա՛նքն էլ, կարևոր որոշումնե՛րն էլ, ընտանիքն ու կորուստն էլ էնքա՜ն երազի պես է անցել, էնքա՜ն կողքովն է անցել, ու էսօր նոր էկել է իր ողջ ազդեցությամբ-ցավով-ուրախությամբ, որ պետք է , որ անցյալում զգացած-անցկացրած լիներ, կամ թե եթե չէր էլ զգացել, հիմա առավել ևս պետք է որ չզբաղեցներ իրեն այն․ չէ՞ որ կողքանց թվացել է հաստատ, որ չի էլ զգացել իր տղամարդկային հոգին այն․ բայց արի տես՝ էսօր հայացքն առավոտից դանդաղել է էդ օրերի գույն ու հոտով, էն , ինչ անցյալում հազար գործ ու զբաղվածության, հազար աղջիկ ու ծանոթի հետ բռնված խոսք-ընթացքի արանքում, հազար օրերի գերվազող ընթացքի մեջ կողքի կյանք է թվացել, իր աձից դուրս ընթացող մի իրողություն, էսօր կախվել է ամբողջ ուժով ու բերում է հատիկ-հատիկ , կոկում իրար կողք, կապում անտես թելով էսօրվա նստած-ծխող էությանը ու էն մարդուն իրար, առերես հանում իրեն իր հետ։ Հնարավոր ամբողջացնելով այն, հասցնելով կատարյալ վերապրած, դետալային բերած-հավաքած կյանքի, մեկ էլ ամփոփում է ՝-

<< Հրաշք չի լինի: Տարիների պատն անթափանց է, կուրացնող է մանկությունից եկող լույսը, հիշողության ճանապարհը լի է փորձանքով՝ դարանակալ տարիների հոգսով, կորուստով, սիրով, ցավով.. Եվ միայն բույրի հիշողությունն է մտակորույսի ցանցառությամբ բերում-տանում բույրի ծվեններ, և կայծկլտում են աղոտ պատկերներ, բայց ոչ մի բույր չի բռնում գույնը, բայց ոչ մի ձայն տեղը չի դնում բնապատկերը, և պապանձված է ամռան օրը, և իմաստալից քայլ անելու ջանք է ապարդյուն, որովհետև հավասարակշռություն չկա կեսի մեջ:>>